
Հայոց այբուբենի ստեղծող, հայալեզու դպրոցի և գրականության հիմնադիր: Ծնունդով եղել է Տարոնի Հացեկաց գյուղից, Վարդան անունով շինականի որդին: Կրթություն է ստացել Ներսես Մեծ հայրապետի` Հայաստանում բաց արած օտարալեզու դպրոցներից մեկում` տիրապետելով հունարենին, ասորերենին և պարսկերենին: Ծառայության է անցել Խոսրով Արշակունի հայոց թագավորի արքունիքում` որպես արքայատուր հրամանները գրի առնող և զինվորական: Որոշ ժամանակ անց տարվել է քրիստոնեական լուսավորության գաղափարով, փոխադրվել Գողթն գավառ և իրեն նվիրել ճգնության ու քարոզչության: Այդ ընթացքում մտահղացել է հայոց գիր ստեղծելու նվիրական ծրագիրը: Օտարաքաղ դանիելյան նշանագրերի փորձարկումից հետո, Սահակ Պարթև եպիսկոպոսապետի և Վռամշապուհ թագավորի սատարումով, 405-406թթ. մեջ Եդեսիայում ստեղծել է հայոց այբուբենը: Մաշտոցն իր եռանդն ու իմացական հանճարը նվիրաբերել է հայրենի ժողովրդի կրթությանն ու լուսավորությանը` դպրոցներ հիմնելով Հայաստանի թե՛ արևելյան և թե՛ բյուզանդական բաժիններում: Թարգմանիչ է և հայ ազգային ինքնուրույն մատենագրության սկզբնավորողներից մեկը: Հայ հոգևոր երաժշտության հիմնադիրն է: Նրան են պատկանում բազմաթիվ հոգևոր երգեր` Ապաշխարության կարգի շարականները, որոնք կատարվում են Մեծ պահքի շրջանում: Վախճանվել է 440թ. փետրվարի 17-ին: Թաղվել է Վահան Ամատունի իշխանին պատկանող Օշական գյուղում: Ս. Մեսրոպ եկեղեցում ամփոփված նրա շիրիմը ժողովրդական ուխտավայր է:

Հայոց այբուբենի ստեղծող, թարգմանական գրականության հիմնադիր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի 60 աշակերտներից մեկն է (ծնված 390թ.): 435 թ. մի քանի աշակերտների հետ մեկնել է Ալեքսանդրիա բարձրագույն ուսման` հունարենի, ճարտասանության և փիլիսոփայության մեջ կատարելագործվելու համար: Ճանապարհորդության 5 տարիների ընթացքում այցելել է մի շարք մշակութային և կրոնական կենտրոններ` Եդեսիա, Անտիոք, Պաղեստինի քրիստոնեական սրբավայրերը, Աթենք, Եգիպտոս, Հռոմ: 440 թ. վերադառնալով Հայաստան ծավալում է մեծ գրական գործունեություն: Նրա գլուծգործոցն է հանդիսանում « Հայոց պատմությունը »: Այս գրքի շնորհիվ է, որ Մովսես Խորենացին կաթոլիկ համայնագիտարանում և Օքսվորդյան բառարանում անվանվում է « պատմահայր հայոց » մեծ տիտղոսով:
Գրական գործունեությունից բացի հեղինակ է բազմաթիվ շարականների, Ծննդյան և Աստվածահայտնության տաղերի, մեծացուսցեների, Հարության և Վերափոխման շարականների: Օգտագործելով Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծած 8 ձայնեղանակային համակարգը հարստացրեց այն նոր դարձվածքներով և մեղեդիներով: Հատկապես հայտնի են նրա Ծննդյան և Աստվածածնին նվիրված շարականները:

Հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ: Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում: Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և` Նարեկացի անունն է: Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը` փիլիսոփա Անանիա Նարեկացին: Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են հավաստի տեղեկություններ: Նրան է պատկանում « Մատեան Ողբերգութեան » աղոթքների գիրքը, որը հայերը համարում են Աստվածաշնչից հետո երկրորդը իր զորությամբ և բուժիչ հատկություններով: Նարեկացու երաժշտական երկերից մեզ հասել են միայն հինգ տաղ, որոնք, կարծես թե, ամփոփում են հայ հոգևոր երաժշտության զարգացման ընթացքը և նվաճում են մի նոր բարձրունք:

Ներսես Շնորհալի Դ Կլայեցի, Երգեցող - հայ բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ-երգահան: Իշխան Ապիրատ Պահլավունու որդին է, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը: Հայոց կաթողիկոս 1166-ից: Հեղինակ է բազմաթիվ հոգևոր երգերի, որոնք տարածվել են եկեղեցուց դուրս և դարձել են ավանդական, ժողովրդին հարազատ մեղեդիներ: Նա Հայ եկեղեցու Ժամագիրքը և Շարակնոցը ամենից ավելի ճոխացնողը եղավ` Ժամագրքի գրեթե բոլոր երգերը (մոտ 15 կտոր) իր գրչին են պատկանում:

